National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
10.05.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
14.03.2016
ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն ընդունել է Բելգիայի եւ Ֆլանդրիայի խորհրդարանականների պատվիրակությանը
1 / 4

ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը մարտի 14-ին ընդունել է Բելգիայի եւ Ֆլանդրիայի խորհրդարանականների պատվիրակությանը, որը Հայաստան այցից հետո լինելու է նաեւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում:

Ողջունելով հյուրերին՝ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը բարձր է գնահատել հայ-բելգիական եւ հայ-ֆլանդրիական հարաբերությունները եւ խորհրդարանականների դերը երկկողմ հարաբերությունների զարգացման գործում: Նա վստահություն է հայտնել, որ այս այցը եւս խթան կհանդիսանա՝ էլ ավելի զարգացնելու եւ խորացնելու բարեկամական հարաբերությունները:

ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը շնորհակալություն է հայտնել Ֆլանդրիայի խորհրդարանի փոխնախագահ Կարլ Վենլաուվեին՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներին եւ «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումին մասնակցելու եւ ելույթի համար, ինչպես նաեւ՝ Ֆլանդրիայի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձեւի ընդունման, Բելգիայի խորհրդարանին՝ Ցեղասպանության դատապարտման վերաբերյալ դիրքորոշման վերահաստատման համար: Կարեւորելով ցեղասպանությունների դատապարտման հարցում երկակի ստանդարտների մերժումը եւ ցեղասպանությունների միջազգային դատապարտումը՝ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը նշել է, որ չդատապարտվող ոճիրները, ինչպես ցույց է տվել անցած հարյուրամյակի պատմությունը, ծնում են նոր ոճիրներ: Նրա խոսքով՝ Թուրքիայի ժխտողական քաղաքականությունը սպառնալիք է ոչ միայն տարածաշրջանի, այլեւ ողջ մարդկության համար, ինչի վկայությունն են այսօր Մերձավոր Արեւելքում տեղի ունեցող իրադարձությունները:

Էդուարդ Շարմազանովը շնորհակալություն է հայտնել պատվիրակության անդամներին՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն այցելելու պատրաստակամության համար եւ այն համարել լավ առիթ՝ սեփական աչքերով տեսնելու զարգացող ժողովրդավարությունը: Նա վերահաստատել է, որ Հայաստանը ԼՂ հակամարտության կարգավորումը տեսնում է բացառապես խաղաղ ճանապարհով՝ հիմնված միջազգային երեք սկզբունքների՝ ժողովուրդների ինքնորոշման իրավունքի, տարածքային ամբողջականության եւ ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառման վրա, որոնցից առաջին երկուսն Ադրբեջանը մշտապես մերժում է եւ խեղաթյուրելով խնդիրը՝ փորձում է տարբեր բանաձեւեր անցկացնել տարբեր միջազգային կառույցներում:

Ֆլանդրիայի խորհրդարանի փոխնախագահ Կարլ Վենլաուվեն պատվիրակության անունից շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար եւ տեղեկացրել, որ Լեռնային Ղարաբաղ այցելությունն ունի հստակ նպատակ. նախատեսվում է իրականացնել ծրագիր, ըստ որի ֆլանդական եւ Ղարաբաղի մի շարք դպրոցներ կհամագործակցեն ու կիրականացնեն մի շարք աշխատանքներ: Ինչպես նշել է Կարլ Վենլաուվենը, դա կլինի բարեկամ Ֆլանդրիայի փոքրիկ քայլը՝ Ղարաբաղը դուրս բերելու շրջափակումից:

Անդրադառնալով ղարաբաղյան հակամարտության հարցին՝ Ֆլանդրիայի խորհրդարանի փոխնախագահն իր եւ գործընկերների անունից կարեւորել է մարդու իրավունքների պաշտպանությունը եւ այս համատեքստում՝ Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքը:

Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի, կարեւորել սփյուռքահայության դերակատարությունը երկկողմ հարաբերությունների զարգացման հարցում:





ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am